ԱԶԲ փոխնախագահն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 և Տրանշ-3 տեղամասեր

04-06-2019

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենը, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը, բանկի ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանի և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն»    ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 և Տրանշ-3։

Բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը նախ եղել է «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, որտեղ իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են հնագիտական մեծ արժեք ներկայացնող հուշարձաններ։ Դրանց պահպանության նպատակով Տրանշ-2-ի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհի կմ 29+600 – կմ 37+600 հատվածի համար իրականացվել է ճանապարհի ծրագծի փոփոխություն, և կազմվել է նոր նախագիծ, որն անցել է հատուկ համալիր փորձաքննություն:

Տրանշ-2 ծրագրի կառավարման խորհրդատու «Սաֆեժ Էս.Ա. և Էպտիսա» ՀՁ-ի հնագիտության մասնագետ Բորիս Գասպարյանը, ներկայացնելով հնավայրը, այնտեղ առկա հուշարձանները, նշել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում պատմամշակութային արժեքներին և դրանց պահպանմանը։ Նա նաև ընդգծել է, որ հայտնաբերված «Ագարակ» պատմամշակութային հուշարձանն իր չափորոշիչներով զբոսաշրջային վայր դառնալու ներուժ ունի։ Բորիս Գասպարյանը նաև շեշտել է այն փաստը, որ և՜ ծրագրի պատվիրատուն՝ ՀՀ կառավարությունը, և՜ Ասիական զարգացման բանկը մեծապես կարևորում են հնագիտական հուշարձանները և համագործակցաբար աշխատում են` բացահայտելով ու փրկելով բազմաթիվ արժեքավոր նյութեր։

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն այցելել են նաև Տրանշ-2-ի այլ հատվածներ, որտեղ ևս մեկ անգամ արձանագրվել է, որ շինարարություն չի իրականացվում, և կապալառուն՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը, բացակայում է շինհրապարակից։ Նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը տեղեկացրել է, որ կառավարությունն այժմ բանակցություններ է վարում կապալառու իսպանական կազմակերպության հետ՝ ծագած խնդիրներին լուծում տալու համար։ 

Տրանշ-3-ում Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը ծանոթացել է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին։ Այս պահին կապալառուն հիմնականում կատարում է հողային աշխատանքներ Տրանշ-3-ի տարբեր հատվածներում։ Նախարարի տեղակալը նշել է, որ այստեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նպաստել է նաև ԱԶԲ տեխնիկական փորձագետի ներգրավումը, որը, համագործակցելով կապալառուի և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության հետ, որոշ հարցերի լուծման ուղղությամբ աջակցել է իր առաջարկներով։ Նշվել է, որ Տրանշ-3-ում կապալառուն մտադիր է հնարավորինս շուտ ավարտել հողային աշխատանքները և անցնել պատվածքի շերտերի տեղադրմանը։

Բագրատ Բադալյանը բանկի պատվիրակությանը ներկայացրել է նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի` ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհաշինության ընթացքը, ինչպես նաև անդրադարձել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային հատվածի (Տրանշ-4) շինարարության ծրագրերին։

 

Վերջին նորությունները

Մ6-ում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները

20-08-2019

Բնակչությանը նվազագույն անհանգստություն պատճառելու համար «Սուարդի» ընկերությունն այն հատվածներում, որտեղ կատարվում է հանույթ, փոշու քանակը նվազագույնի հասցնելու նպատակով ջրցան մեքենաներով իրականացնում է ջրցանում, հարթեցվում են աշխատանքի ընթացքում առաջացած փոսերը։

Կարդալ ավելին

«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

19-08-2019

Օգոստոսի 20-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Կարդալ ավելին

Ընթանում են Մ7 - Մեծ Պարնի - Ծաղկաբեր 6.85 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

16-08-2019

Շինարարական աշխատանքներն այստեղ մեկնարկել են այս տարվա հունիսին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2020թ. ապրիլին։

Կարդալ ավելին