Փոխնախարար Բագրատ Բադալյանը շրջայց է կատարել Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգվող տեղամասերում

04-10-2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը շրջայց է կատարել Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի շինտեղամասերում, որտեղ ընթանում են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Նշենք, որ միջպետական մայրուղու Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հիմնանորոգվող 51,74 կմ երկարությամբ ճանապարհահատվածը բաժանված է երեք տեղամասերի, որտեղ միաժամանակ աշխատում են 3 շինարարական կազմակերպություններ։

Փոխնախարարը հանդիպել է շինարարների հետ, ծանոթացել աշխատանքների ընթացքին։

Շինաշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» համատեղ ձեռնարկության թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսը փոխնախարարին տեղեկացրեց, որ ներկա պահին հիմնականում կատարվում են հողային, հորատապայթեցման, ենթակառուցվածքների տեղափոխման, հենապատերի կառուցման աշխատանքներ։ Ներկա էին նաև նախագծող կազմակերպության ներկայացուցիչները, ում հետ քննարկվեցին նախագծային որոշ հարցեր։ Անդրադարձ եղավ Մ6-Օձունի խաչմերուկի հատվածում երթևեկության պայմանների բարելավման հարցին, քննարկվեցին տվյալ հատվածում երթևեկության կազմակերպման առավել արդյունավետ տարբերակները։

Փոխնախարարը նկատեց, որ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է, այստեղ արդյունքները կարճ ժամանակում պետք է ակնառու լինեն։ Նախագծային փոփոխությունների անհրաժեշտության դեպքում, դրանք պետք է իրականացվեն շատ օպերատիվ։

Կանգառ եղավ նաև Ալավերդի քաղաքում։ Փոխնախարար Բադալյանը կապալառու «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին հանձնարարեց անհրաժեշտ աշխատանքներ տանել՝ շինարարության հետևանքով առաջացող փոշին նվազագույնի հասցնելու և խնդրահարույց տեղամասերում շինաշխատանքների ընթացքն արագացնելու ուղղությամբ։ Ալավերդու տարածքում հիմնականում լուծվել են հաղորդակցուղիների ժամանակավոր վերատեղադրման հետ կապված հարցերը, ուստի կապալառու կազմակերպությունը հնարավորություն կունենա ավելի արագ իրականացնել հիմնանորոգման աշխատանքները։ Փոխնախարար Բադալյանը նշեց, որ կվերականգնվեն նաև Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող երկու կամուրջները։

Փոխնախարարը հանձնարարեց կապալառու կազմակերպություններին ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքն արագացնել, պահպանել նախանշված ժամկետները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով որակին։

 

Վերջին նորությունները

Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագրի ընթացքը

13-02-2020

Ընդգծվել է‚ որ ծրագրի իրականացման մարտավարությունն այնպիսին է‚ որ այն ոչ միայն պետք է ժամկետներում և որակով իրականացվի‚ այլև ՀՀ տնտեսությունը և ՀՀ բնակչությունն այդ ծրագրից պետք է ստանան սոցիալ-տնտեսական օգուտներ։

Կարդալ ավելին

Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիրը նպաստում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը

12-02-2020

Միայն 2019 թվականին նշված ծրագրի շրջանակներում վերականգնման աշխատանքներ են տարվել հանրապետության 7 մարզի (Արարատ‚ Արմավիր‚ Տավուշ‚ Վայոց ձոր‚ Շիրակ‚ Լոռի‚ Արագածոտն) 30 բնակավայրով անցնող մի շարք ճանապարհների վրա‚ որոնցից օգտվում է ավելի քան 56 հազար բնակիչ։

Կարդալ ավելին

Պարզաբանում. Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների դժգոհությունը կապ չունի «Հյուսիս-հարավ» ծրագրի հետ

10-02-2020

Հիշատակված ճանապարհահատվածն առնչություն չունի «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետ։ Նշված հատվածի վերակառուցման աշխատանքները կատարվում են «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում։

Կարդալ ավելին