Նախարարը հանձնարարել է խստորեն հետևել բնակիչների անվտանգությանը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի որակին և ժամկետներին

07-05-2019
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները  վերսկսվել են։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը աշխատանքային շրջայց կատարեց շինարարական տեղամասերով, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, առկա խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերին։
 
Ալավերդի քաղաքի հատվածում աշխատանքային տեմպերի ձգձգման հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Նախարարի հանձնարարականով մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել դրանք լուծելու համար։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը նախարարին տեղեկացրեց, որ աշխատանքների ընթացքն էականորեն բարելավվել է, ինժեներական թիմը շատ արագ արձագանքում և փորձում է տեղում լուծել բոլոր հարցերը։
 
«Եղանակային պայմանների բարելավվելու դեպքում տեմպերն ավելի ենք ավելացնելու։ Ունենք նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն, որոնք զուգահեռաբար անում ենք։ Ինժեներական թիմում կատարել ենք անձնակազմի որոշակի փոփոխություն, ավելի ուժաղեցրել ենք,  ինչը բավականին արդյունավետ է աշխատում»,- նշեց Ղալեչյանը:
 

Շինարարության 1-ին հատվածն իրականացնող  «Հորիզոն 95» ընկերության շինտեղամասի պետ Կորյուն Հարությունյանը, ներկայացնելով աշխատանքների ընթացքը, նշեց, որ կատարում են ճանապարհի կողային շեպերի հարթեցման, հենասյուների տեղափոխման  աշխատանքներ, միաժամանակ պատրաստվում են ժայռապայթեցման աշխատանքներին։  Այս տեղամասը, ռելիեֆային առումով, ամենաբարդն է։ Մի քանի փուլով այստեղ անընդմեջ պայթեցումներ են արվում։ Շատ մեծ ուշադրություն է դարձվում անվտանգությանը, կանխարգելիչ միջոցառումներ են կատարվում, որպեսզի վնասներ չլինեն։
 
Նախարարը հանձնարարեց խիստ ուշադրություն դարձնել մի քանի սկզբունքների:
 
«Առաջինն անվտանգության խնդիրներն են, ճանապարհների վիճակից սկսած մինչև զգուշացնող նշանները: Երկրորդը ճանապարհների հարմարավետությունն է և բնակչությանը հնարավորին քիչ անհանգստություն պատճառելը: Երրորդը՝ մարդկանց հարմարավետությունը և էկոլոգիական հարցերը, որպեսզի փոշի չլինի, աղմուկ չլինի բնակելի հատվածներում: Եվ, իհարկե, ամենակարևորը, որ մենք հետ չընկնենք մեր պլաններից»,-ընդգծեց նախարարը:
 
Չնայած անհրաժեշտություն է առաջացել սկզբնական նախագծից դուրս մի շարք լրացուցիչ աշխատանքներ կատարել՝ շինարարության պատասխանատուները հավաստիացնում են, որ նախապես սահմանված ժամկետները կպահպանվեն:
 
«Առաջացել է լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն, որոնք նախագծով նախատեսված չեն եղել:  Ալավերդու 2 կամուրջները, կան նաև կոյուղագծեր, ջրագծեր, որոնք նախատեսված չեն եղել: Սակայն ծածկի հեռացումից հետո պարզվել է, որ վատ վիճակում են և պետք է փոխարինվեն։ Բոլորը  թե՛ ֆինանսական, թե՛  լրացուցիչ աշխատանքի տեսանկյունից ժամկետ են պահանջելու, բայց կփորձենք լրացուցիչ այդ աշխատանքն անելուց հետո էլ ժամկետները պահպանել՝ 2020թ-ի նոյեմբեր»,-նշեց նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը:
 
Նախարարի ուշադրության կենտրոնում էր հատկապես Ալավերդի քաղաքով անցնող շինարարական տեղամասը, որտեղ մի շարք անհարմարությունների պատճառով բնակչության կողմից ստացվել էին ահազանգեր։
 
Ալավերդու  քաղաքապետ Սասուն Խեչումյանը նշեց, որ բնակիչները վրդովված են, քանի որ շինարարության պատճառով առաջացած փոշին,  փոսերը, ծանրաքաշ մեքենաների երթևեկի  վիբրացիան  վնասում են բնակիչների առողջությունն ու անվտանգությունը։  Խնդրի վերաբերյալ իր նկատառումները ներկայացրեց նաև Լոռու մարզից ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։
 
Այցի շրջանակներում նախարարը հանդիպում ունեցավ նաև ալավերդցիների հետ, որոնք պահանջում էին հստակ ժամկետներ՝ Ալավերդու հատվածի շինարարության ավարտի վերաբերյալ։
 
Հակոբ Արշակյանը բնակիչներին տեղեկացրեց, որ ստեղծված իրավիճակին  ծանոթ է և կտրուկ արձագանքել է։ Արդեն իսկ համապատասխան աշխատանքներ են իրականացվել։ Կատարվել է անձնակազմի փոփոխություն, փոխվել է նաև ինժեներական թիմի ղեկավարը, ինչի արդյունքում արձանագրվել է աշխատանքների նոր ընթացք։ Բացի այդ, հատուկ սարքերով ուսումնասիրվել են վիբրացիայի հետևանքները, մշակվել են միջոցառումներ։
 
Նախարարը բնակիչներին տեղեկացրեց նաև, որ շինարարի և նախարարության համապատասխան պատասխանատուների առաջ դրվել են  հստակ խնդիրներ.
 
«Հարմարավետություն, առողջություն, անվտանգություն, երկրորդը՝ ճանապարհների որակն է,  և երրորդը՝ ժամկետները: Այս երեք առաջնահերթությունները պետք է պահվեն անվիճելիորեն»,-շեշտեց Հակոբ Արշակյանը:
Բնակիչները նախարարին խնդրեցին կարգավորել ևս մեկ խնդիր՝ ծանրաքաշ մեքենաների երթևեկը քաղաքի միջով։ Նրանք նշեցին, որ վարորդները գերադասում են տուգանվել, բայց երթևեկել Ալավերդու բարեկարգ փողոցներով՝ դրանով հավելյալ անհարմարություն պատճառելով բնակչությանը։
 
Նախարարը նշեց, որ այս ուղղությամբ ևս անհրաժեշտ քայլեր կիրականցվեն, պաշտոնական գրությամբ ևս մեկ անգամ կդիմի ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի արգելքը գործի, և որևէ ծանրաքաշ մեքենա քաղաքի միջով չանցնի։
 
Ամփոփելով հանդիման արդյունքները՝ նախարարը նշեց, որ եթե նոր կոմունիկացիոն գծեր ի հայտ չգան, ապա մինչև ամառվա վերջ՝ Ալավերդի քաղաքով անցնող  հատվածն ամբողջությամբ կվերակառուցվի:
 
Նշենք, որ շինարարության առաջին փուլով Վանաձորից մինչև Թումանյան կայարան 38.45 կմ հատվածում նախատեսված աշխատանքներն ավարտվել են, ճանապարհահատվածը հանձնվել է շահագործման:
 
Հիմնանորոգվող ավտոճանապարհի 2-րդ հատվածը, որի երկարությունը  51.74 կմ է, ընդգրկում է Թումանյան կայարանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ ընկած ճանապարհահատվածը։
 
 
Նյութը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

 

 

 

 

Վերջին նորությունները

Կատարվում են եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ

24-06-2019

2019թ. հունիսի 19-ի դրությամբ հողային աշխատանքների 90 տոկոսն ավարտված է: Այս պահին կատարվում են եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ:

Կարդալ ավելին

Հանրային քննարկում՝ Բագրատաշենի նոր կամրջի շինարարության շրջակա միջավայրի վրա ազդեցությունների գնահատման թեմայով

21-06-2019

Բագրատաշենում արդեն իսկ իրականացվել է երկու հանրային քննարկում, որոնց ընթացքում ներկայացվել ու քննարկվել են նախագծի նախնական լուծումները, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։

Կարդալ ավելին

Հանրապետության 6 մարզերի շուրջ 47 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքները

19-06-2019

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքները ներառում են հողային պաստառի վերականգնում, ճանապարհային պատվածքի վերակառուցում, ճանապարհային անվտանգության ապահովում։ Վերականգնվելու են նաև ջրահեռացման համակարգերը, կատարվելու են կահավորման աշխատանքներ։

Կարդալ ավելին