Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում 66 համայնքում իրականացվել է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը

18-09-2019

Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվում է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը։ Ըստ այդմ՝ այն համայնքներում, որտեղ վերականգնվում են կենսական նշանակության ճանապարհներ, սոցիալական նշանակություն ունեցող հանրային օբյեկտների հարակից տարածքներն ապահովվում են ճանապարհային անվտանգության տարրերով, տեղադրվում են արհեստական անհարթություններ, ճանապարհային նշաններ, գծանշվում են հետիոտնային անցումներ։ Այս միջոցառումները կատարվում են նաև դպրոցների հարակից տարածքներում։ Երթևեկության կարգավորման միջոցառումները համակցվում են համայնքային մակարդակով իրազեկման բարձրացման արշավների հետ։

Արարատի մարզի Աբովյան համայնքով անցնող 1,3 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհը վերականգնվել է 2018 թվականին։ Վերանորոգվել է նաև համայնքի դպրոց տանող ճանապարհահատվածը, ապահովվել կրթօջախ հաճախող 177 աշակերտների անվտանգությունը։

Աբովյան համայնքի ղեկավար Ավետիք Հարությունյանն ասում է, որ դպրոց տանող ճանապարհն ասֆալտապատելուց, երթևեկության կանոնների նշանները տեղադրելուց, մայթերը կառուցելուց հետո ծնողները, երեխաները քայլում են մայթերով, ճանապարհն անցնում են գծանշված հատվածներով, հետևում ճանապարհային երթևեկության կանոններին։ «Այս ամենն անվտանգ երթևեկության հետ կապված կարևորագույն խնդիրներ է լուծում։ 50 տարի ճանապարհը չէր վերանորոգվել, քայլում էինք ցեխերի, քարերի միջով, իսկ հիմա մեր համայնք մտնողը զարմացած ասում է՝ կարծես քաղաքատիպ ավանում լինեն»,- նշում է համայնքապետը։

Դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Ավետիսյանը նկատում է, որ վերանորոգված ճանապարհով ավելի հաճույքով են դպրոց հաճախում։

Տարրական դասարանների ուսուցչուհի Ալվարդ Ավագյանն էլ նշում է, որ նախկինում երեխաները ճանապարհի ցեխն իրենց հետ բերում էին կրթօջախ, այժմ, սակայն, բարեկարգ ճանապարհն իրենց ազատել է այդ խնդրից. «Ամեն ինչ արվել է, որպեսզի երեխաներն անվտանգ տեղ հասնեն։ Ճանապարհի վերականգնումը, ճանապարհային նշանների տեղադրումը նպաստեց, որպեսզի երեխաներն ավելի լավ յուրացնեն ճանապարհային նշանների նշանակությունը»։

Տեղեկացնենք, որ մինչ այժմ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչն իրականացվել է Հայաստանի 66 համայնքում: Ակնկալվում է ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչում ընդգրկված համայնքների թիվը հասցնել 87-ի։

Վերջին նորությունները

Աշխատաժողով՝ նվիրված հողերի օտարման գործընթացում բողոքների լուծման մեխանիզմներին

21-10-2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են բողոքների նույնականացման և գրանցման եղանակները‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1-ում և Տրանշ-2-ում‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի (Մ6) հողերի օտարման‚ բողոքների գրանցման ու արձագանքման հետ կապված հարցեր։

Կարդալ ավելին

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

18-10-2019

Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։

Կարդալ ավելին

Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնումն ընթացքի մեջ է

16-10-2019

Կապալառու կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի կողմից այս պահին ընաթանում են մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, լիցքի հանույթի եւ այլ աշխատանքներ։

Կարդալ ավելին