Հանրապետության 6 մարզերի շուրջ 47 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքները

19-06-2019

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում հանրապետության 6 մարզերի (Արարատ, Արմավիր, Վայոց ձոր, Արագածոտն, Լոռի, Շիրակ) շուրջ 47 կմ երկարությամբ 8 ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքները։ Հայտարարված են ևս 4 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների մրցույթներ։

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքները ներառում են հողային պաստառի վերականգնում, ճանապարհային պատվածքի վերակառուցում, ճանապարհային անվտանգության ապահովում։ Վերականգնվելու են նաև ջրահեռացման համակարգերը, կատարվելու են կահավորման աշխատանքներ։   

Մ5 միջպետական ճանապարհը, Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքներն իրար կապող ավելի քան 6 կմ ճանապարհահատվածում մեկ ամիս է՝ շինարարները գործունեություն են ծավալում։ Այստեղ արդեն իսկ սկսվել են մայթերի կառուցումը, ջրահեռացման համակարգերի վերականգնումը։   

Սարդարապատ համայնքի բնակիչ Անդրանիկ Հակոբյանը նշում է, որ հիմնանորոգվող ճանապարհի միջոցով են գյուղացիները գնում դեպի իրենց հողատարածքներ, և ճանապարհի բարեկարգումը կհեշտացնի իրենց գործը։ «Մի ամիս է, ինչ շինարարները եկել են մեր համայնք, ու շատ լավ աշխատում են՝ և՜ արագ, և՜ որակով»,- ասում է Անդրանիկ Հակոբյանը։

Այս հատվածում աշխատանքները, ըստ պայմանագրի, նախատեսված է ավարտել 10 ամսվա ընթացքում, սակայն պլանավորվում է ճանապարհը վերականգնել մինչև ընթացիկ տարվա վերջ։  

2019 թվականի ընթացքում ծրագրված է հանրապետությունում հիմնանորոգել շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ։ Հիմնանորոգվող ճանապարհներից օգտվում է 29 համայնքների շուրջ 56000 բնակչություն:

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնումը հեշտացնում է շուկաների և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը մարզերի բնակչության համար։ Բարեկարգ կենսական նշանակության ճանապարհները գյուղացիական տնտեսություններին և փոքր բիզնեսներին հնարավորություն են տալիս ավելի հեշտությամբ և քիչ ծախսով իրենց մթերքը շուկա հասցնել՝ ըստ այդմ դառնալով տնտեսական աճի և տեղական զբաղվածության խթան։

 

Վերջին նորությունները

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

21-11-2019

Նշված ճանապարհները մարզային նշանակության են և երաշխիքային ժամկետից հանելուց հետո հանձնվում են մարզպետարաններին. դրանց հետագա շահագործումն իրականացվելու է վերջիններիս կողմից ընտրված ընկերությունների կողմից։

Կարդալ ավելին

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Արևելյան գործընկերության Տրանսպորտի հարցերով պանելի 17-րդ հանդիպմանը

20-11-2019

Աշխատաժողովի ընթացքում քննարկվում են Եվրամիության ճանապարհային անվտանգության քաղաքականությանը‚ այդ ոլորտում տարբեր երկրների փորձին‚ միմյանց հետ համագործակցությանը‚ գործընկեր երկրների կողմից ստանձնած պարտավորություններին առնչվող և բազմաթիվ այլ հարցեր։

Կարդալ ավելին

Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով վերականգնված ճանապարհի վրա որպես փորձնական մոդել կատարվել են շինարարական, միաժամանակ ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքներ

14-11-2019

Նոր մոդելը նպաստում է ճանապարհի երկարակեցությանը‚ անվտանգ շահագործմանը‚ ինչը հնարավորություն է տալիս ցանկացած եղանակի ապահովել ճանապարհի անցանելիությունն ու անխափան երթևեկությունը։

Կարդալ ավելին