Հանրային քննարկում՝ Բագրատաշենի նոր կամրջի շինարարության շրջակա միջավայրի վրա ազդեցությունների գնահատման թեմայով

21-06-2019

Հունիսի 18-ին Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի Բագրատաշեն բնակավայրում անցկացվել է հանրային քննարկում, որի ընթացքում անդրադարձել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության շրջակա միջավայրի վրա ազդեցությունների թեմային: Հանդիպմանը ներկա էին բագրատաշենցիներ, կամրջի նախագծման և շինարարության մրցույթը շահած կազմակերպության՝ իրանական Tunnel Sadd Ariana ընկերության, շինարարական աշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության, ինչպես նաև ծրագրի պատվիրատու կողմերի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչներ:

Նկատենք, որ հանրային քննարկումներն իրականացվել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված պահանջների և ընթացակարգի համաձայն։

Հիշեցնենք, որ մինչ այդ Բագրատաշենում արդեն իսկ իրականացվել է երկու հանրային քննարկում, որոնց ընթացքում ներկայացվել ու քննարկվել են նախագծի նախնական լուծումները, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փաստաթղթում տեղ գտած հիմնական ազդեցություններին, դրանց գնահատման և հնարավոր մեղմման միջոցառումներին։

Այս փուլում նախատեսվող հիմնական գործողությունները հետևյալն են՝ ծրագրի տարածքների որոշ հատվածների ցանկապատում, գրասենյակների հիմնում, մեքանաների կայանատեղերի նախատեսում, շինհրապարակի կազմակերպում, բանվորների, շինանձնակազմի ներգրավում և այլն։

Նշվեց, որ շինարարության հետևանքով որևէ սեփականատեր կամ բիզնես չպետք է տուժի։ Նախաշինարարության փուլում բոլոր ազդեցությունները պետք է նույնականացվեն՝ սոցիալական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։

Նախագծողի կողմից մշակվել են նաև մի շարք մեղմացնող միջոցառումներ։ Մասնավորապես, շինարարական աշխատանքները պետք է կազմակերպվեն այնպես, որպեսզի նվազագույնի հասցվի բուսականությանը հասցվող վնասը։ Եթե կլինեն ծառերի կամ թփերի հատումներ, ապա շինարարության ավարտից հետո կապալառուն պարտավորվում է իրականացնել տարածքի բարեկարգում, նաև նոր ծառերի տնկում կտրվածների փոխարեն։

Մշակվել է թափոնների կառավարման պլան։ Բոլոր առաջացած թափոնները պետք է հավաքվեն, տեղափոխվեն, տեղակայվեն՝ համաձայն այդ կառավարման պլանի։ Պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել աղմուկի մակարդակին՝ այն պետք է լինի սահմանային թույլատրելի նորմերում՝ ինչպես շինարարական տեղամասում, այնպես էլ բանվորական անձնակազմի կեցության վայրում։

Ընդգծվեց, որ շինարարական աշխուժությունն իր հետ կբերի նաև սոցիալական դրական ազդեցություն ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների համար։

Ընդգծվեց, որ Բագրատաշենում անցկացվելու է ևս մեկ հանրային քննարկում, իսկ շինարարության փուլում կատարվելու է մշտական վերահսկողություն և մոնիտորինգ։

Տեղեկացնենք, որ Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի նախագիծը վերջնականացման փուլում է։ Պատվիրատուն դիտարկում է կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության կողմից ներկայացված նախագիծը։ Այն հատուկ համալիր փորձաքննություն անցնելուց հետո կսկսվի կամրջի շինարարությունը։

 

 

 

Վերջին նորությունները

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում 66 համայնքում իրականացվել է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը

18-09-2019

Մինչ այժմ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչն իրականացվել է Հայաստանի 66 համայնքում: Ակնկալվում է ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչում ընդգրկված համայնքների թիվը հասցնել 87-ի։

Կարդալ ավելին

Կապալառուների ներկայացուցիչների հետ քննարկվեցին բնապահպանական հարցեր

18-09-2019

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական խնդիրներին, ուստի բոլոր կապալառու կազմակերպությունների բնապահպան կամ բնապահպանական խնդիրներով զբաղվող մասնագետների հետ իրականացվում են սեմինարներ։

Կարդալ ավելին

Մեծ Պարնիի և Ծաղկաբերի բնակիչները շուտով կերթևեկեն բարեկարգ ճանապարհով

13-09-2019

Ճանապարհի վերականգնման աշխատանքների պատվիրատուի՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են շինարարական տեղամաս՝ դիտարկելու շինարարության ընթացքը:

Կարդալ ավելին