Կձեռնարկվեն միջոցներ բնակչությանը պատճառվող անհարմարությունները բացառելու ուղղությամբ

22-01-2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը վերջին շրջանում դժգոհություններ են ստանում Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Ալավերդի քաղաքով անցնող հատվածի շինարարական աշխատանքների հետ կապված բնակչությանն ու երթևեկության մասնակիցներին պատճառվող անհարմարությունների վերաբերյալ։

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի շինարարական աշխատանքների պայմանագրերը ստորագրվել են 2017թ․ նոյեմբերի 30-ին, աշխատանքների մեկնարկը տրվել է 2018թ. մայիսի 29-ին։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է շինարարության մեկնարկից հետո 900 օրվա ընթացքում։

Նախագծով նախատեսված են մեծածավալ հողային և հորատապայթեցման աշխատանքներ, ինժեներական հաղորդակցուղիների տեղափոխում, ջրահեռացման համակարգի վերակառուցում, մայթերի, ճանապարհների վերակառուցում և այլն։ Այլընտրանքային ճանապարհների բացակայության պատճառով ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են ինտենսիվ երթևեկության պայմաններում։ Թեև Մ6 ճանապարհի սկզբնամասում (Ստեփանավանի խաչմերուկ) և Մ6-Նոյեմբերյան խաչմերուկում արդեն տեղադրված են տարանցիկ բեռնատարների մուտքը Մ6 ճանապարհ արգելող և այլընտրանքային երթուղով ուղղորդող ճանապարհային նշաններ, սակայն տարանցիկ բեռնատարները շարունակում են երթևեկել հիմնանորոգվող ճանապարհով՝ խոչընդոտելով շինարարական աշխատանքներին, ինչի հետևանքով աշխատանքների տեմպերը և արդյունավետությունը նախատեսվածից զգալիորեն նվազել են։ 

Այս ամենը հանգեցրել է նրան, որ ճանապարհի Սանահին-Բաղրամյան տեղամասի 750մ երկարությամբ հատվածում հին պատվածքի և հիմքի քանդման-հեռացման աշխատանքներն ավարտվել են, իսկ նորը չի հաջողվել կառուցել նախ հողապաստառի բարձր խոնավության, այնուհետև՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։   

Ներկայում Ալավերդի քաղաքի այլ տեղամասերում իրականացվում են հողային և հորատապայթեցման աշխատանքներ։ Իսկ  Սանահին-Բաղրամյան հատվածում ճանապարհի նոր հիմքի և պատվածքի կառուցումը հնարավոր կլինի իրականացնել միայն հողի օպտիմալ խոնավության և բարենպաստ եղանակի դեպքում։ Ճանապարհի անցանելիությունն ապահովելու նպատակով շինարարները պարբերաբար սպասարկման աշխատանքներ են իրականացնում: 

Նախարարությունը և իրավասու օղակները համապատասխան միջոցներ կձեռնարկեն պատճառվող անհարմարություններն ու դրանց ազդեցությունները նվազեցնելու և հնարավորին բացառելու ուղղությամբ:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք համայնքի բնակչության և երթևեկության մասնակիցների ներողամտությունը։ 

Վերջին նորությունները

Մ6-ում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները

20-08-2019

Բնակչությանը նվազագույն անհանգստություն պատճառելու համար «Սուարդի» ընկերությունն այն հատվածներում, որտեղ կատարվում է հանույթ, փոշու քանակը նվազագույնի հասցնելու նպատակով ջրցան մեքենաներով իրականացնում է ջրցանում, հարթեցվում են աշխատանքի ընթացքում առաջացած փոսերը։

Կարդալ ավելին

«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

19-08-2019

Օգոստոսի 20-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Կարդալ ավելին

Ընթանում են Մ7 - Մեծ Պարնի - Ծաղկաբեր 6.85 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

16-08-2019

Շինարարական աշխատանքներն այստեղ մեկնարկել են այս տարվա հունիսին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2020թ. ապրիլին։

Կարդալ ավելին