Հակոբ Արշակյանը շրջայց է կատարել վերանորոգվող ճանապարհահատվածներում

25-10-2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է հանրապետության մի քանի ճանապարհահատվածներ, որտեղ իրականացվում են կամ արդեն ավարտվել են ճանապարհաշինական աշխատանքներ։
 
Այցի սկզբնակետը (Մ4) Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի հատվածներն էին, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Շինարարության արդյունավետ և անվտանգ իրականացման նպատակով ճանապարհը հատվածաբար միակողմանի փակ է։
 
Հակոբ Արշակյանը վերանորոգումն իրականացնող ընկերության ղեկավարների և մասնագետների հետ քննարկեց անվտանգության նշաններով պատշաճ կահավորման հարցը` վթարներից խուսափելու և հնարավորինս հարմարավետ դարձնելու համար շինարարության շրջանցումը։ Նա հանձնարարեց խստորեն հետևել նաև լուսավորության ապահովմանը, լուսային ազդանշաններով կահավորմանը, որպեսզի վարորդները բավականաչափ հեռավորությունից նկատեն շինարարությունը և ժամանակին արգելակեն։ Նախարարի պաշտոնակատարը հատուկ ընդգծեց նաև որակի չափանիշների պահպանման կարևորությունը շինարարական աշխատանքի ողջ ընթացքում։
 
Ճանապարհի հարակից համայնքներից մեկի ղեկավարը դիմեց նոր շրջադարձի կառուցման հարցով, ինչին ի պատասխան՝ նախարարի տեղակալի պաշտոնակատար Բագրատ Բադալյանը նշեց, որ դրա նպատակահարմարությունը կդիտարկվի, չնայած ճանապարհային անվտանգության տեսանկյունից միջպետական ճանապարհին չպետք է լինեն մեծ թվով շրջադարձեր։

 
Նախարարի պաշտոնակատարը եղավ նաև Դիլիջանի թունելում, որը ծանրաքաշ ավտոմեքենայի` սեպտեմբերի վերջին տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվել է։ Հակոբ Արշակյանը զրուցեց թունելը սպասարկող ընկերության ղեկավարի և դիսպետչերական կայանի աշխատակիցների հետ, ծանոթացավ սպասարկման աշխատանքների ընթացքին։ Նա նշեց, որ հարկավոր է սպասարկումն այնքան կանխատեսելի ու համակարգված կազմակերպել, որ ցանկացած` նույնիսկ անսպասելի իրավիճակում թունելի աշխատանքը չխաթարվի։ Հակոբ Արշակյանը նաև ընդգծեց, որ հենց դիսպետչերական կայանի օպերատիվ արձագանքի շնորհիվ էր, որ ժամանակին ձեռնարկվեցին անվտանգության միջոցառումներ ու հրդեհի հետևանքով տուժածներ չեղան։
 
Աշխատակիցները հայտնեցին, որ հրդեհից վնասված օդափոխության համակարգում որոշակի նորոգումներ են արվել, բայց առաջիկայում անհրաժեշտ է ժամանակավորապես փակել թունելը և հիմնանորոգել։ Պատահարի հետևանքով վնասվել է նաև թունելի լուսավորությունն ու մալուխային համակարգը։ Նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի հրդեհի հասցրած վնասների ամբողջ ծավալն ու կներկայացնի առաջարկություններ։
 
Հակոբ Արշակյանը եղավ նաև Դիլիջանից Իջևան տանող հատվածում, որտեղ 7.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհին կատարվում են միջին նորոգման աշխատանքներ:
 
Շրջայցի ավարտին նախարարի պաշտոնակատարն այցելեց Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներ։
 
Վանաձորից «Թումանյան» կայարան ձգվող 38,5 կմ ճանապարհահատվածում, որի հիմանանորոգումն իրականացվել է Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցներով, շինարարական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Ասֆալտապատումն ամբողջությամբ արված է։ Այս պահին ընթանում են ճանապարհի կահավորման և անվտանգության էլեմենտների տեղադրման աշխատանքներ։ Նախատեսվում է ճանապարհը վերջնական շահագործման հանձնել նոյեմբերի վերջին։ Այս հատվածում միաժամանակ աշխատում են 3 շինարարական կազմակերպություններ՝ «Արարատճանշին»,  «Ճանապարհ» և «Կապավոր» ընկերությունները։
 
Ճանապարհի ամբողջ երկարությամբ կատարվել է ուսումնասիրություն, ինչի արդյունքում վտանգ ներկայացնող բոլոր տեղամասերում տեղադրվել են բետոնե պարապեդներ և արգելապատնեշներ։
 
Կատարվել են նաև հենապատերի վերանորոգման և կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի, գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման, ջրագծերի տեղափոխման և վերակառուցման աշխատանքներ: Կառուցվել ու հիմնանորոգվել են ճանապարհահատվածի 3 թունելներն ու կամուրջները։
 
Մ6 ավտոճանապարհի` «Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշեն հատվածում շինաշխատանքների մեկնարկը տրվել է այս տարվա մայիս-հունիս ամիսներին։ Այս հատվածում ծրագրի իրականացումը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից։ Ներկայում այստեղ իրականացվում են հողային աշխատանքներ և ասֆալտբետոնե հին ծածկի ֆրեզավորում։

 

 

 

 

 

 

Վերջին նորությունները

ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Տրանշ-1 և Տրանշ-2

18-01-2019

ԱԶԲ ներկայացուցիչները դիտել են իրականացված աշխատանքները։ Քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների առավել արդյունավետ լուծման ուղիները։

Կարդալ ավելին

Հանդիպում ԱԶԲ պատվիրակության հետ

17-01-2019

ԱԶԲ առաքելության հետ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ում, Տրանշ-3-ում ծրագրերի կարգավիճակը։

Կարդալ ավելին

Իրանական կողմի հետ քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները

16-01-2019

Հայկական կողմը նշել է նաև, որ Բագրատաշենի նոր կամրջի կառուցման ծրագիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, և հավելել, որ իրանական կողմի հետ սերտ համագործակցությամբ, հաճախակի քննարկումներով հնարավոր կլինի առավել արդյունավետ դարձնել համատեղ աշխատանքը։

Կարդալ ավելին