Երևանում տեղի ունեցավ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության շնորհանդեսը։

05-03-2018 14:00
Հայաստանի ճանապարհաշինարարարներն այսուհետ կմիավորվեն մեկ ասոցիացիայի ներքո։
 
Երևանում տեղի ունեցավ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության շնորհանդեսը։
 
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը, ոլորտում հաջողության հասած ճանապարհաշինական մեծ ու փոքր մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։
 
Ասոցիացիայի հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Բեզոյանը պաշտոնապես ազդարարեց ասոցիացիայի աշխատանքների մեկնարկը` կարևորելով ոլորտի կանոնակարգման մեջ նմանատիպ կազմակերպության դերը։
 
Նրա խոսքով` ասոցիացիա ստեղծելու գաղափարը վաղուց էր առաջացել, բայց միայն այսօր դա իրականություն դարձավ։
 
«Մեր նպատակն է միավորել ճանապարհաշինարարներին և այս ոլորտում
գործող  պրոֆեսիոնալ մասնագետներին՝ համատեղ ծրագրեր իրագործելու համար»,- ասաց Էդուարդ Բեզոյանը։
Նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը նախարար Վահան Մարտիրոսյանի անունից  շնորհավորեց բոլոր ճանապարհաշինարարներին կարևոր ձեռքբերման համար` հույս հայտնելով, որ այս կառույցը լավագույնս կներկայացնի ճանապարհաշինական ընկերությունների շահերն ու հետաքրքրությունները։
 
«Ճանապարհաշինությունը մեր երկրի տնտեսության չափազանց կարևոր և առանցքային բնագավառներից է, ճանապարհները՝ յուրաքանչյուր երկրի արյունատար անոթները: Վստահ եմ, որ այն գործնական նոր կապեր ստեղծելու, դրանք ամրապնդելու և հաստատելու, միջազգային առաջադեմ փորձը կիրառելու լայն հնարավորություններ կտա։
 
Ակնկալում ենք կազմակերպության ակտիվ մասնակցությունը և աջակցությունը ճանապարհաշինության ոլորտում իրականացվող լայնամասշտաբ, մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող շինարարական ծրագրերին»,- ասաց Գագիկ Գրիգորյանը:
 
Ասոցիացիայի հիմնադրումը ողջունեց նաև «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը։
 
Նա նշեց, որ չափազանց կարևոր է ոլորտում դրսի նորարարական փորձի ներդրումը և մասնագետների շփումներն ու փորձի փոխանակումը։
 
«Ճանապարհաշինության դերակատարումը թերագնահատել, իհարկե, դժվար է: Դա արտահայտվում է նաև մեր կառավարության հաստատած ու շարունակաբար իրականացվող ծրագրերում: Այս իմաստով դուք բոլորդ շահեկան դիրքերում եք և շուկան գնալով մեծանում է: Շուկայում որոշակի կարգավորումների բարելավման, նորամուծությունների կիրառման իմաստով ես շատ կարևորում եմ ասոցիացիայի հիմնումը և բարեհաջող աշխատանքի իրականացումը»,- ընդգծեց  Վարդան Կարապետյանը։

Վերջին նորությունները

Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով վերականգնված ճանապարհի վրա որպես փորձնական մոդել կատարվել են շինարարական, միաժամանակ ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքներ

14-11-2019

Նոր մոդելը նպաստում է ճանապարհի երկարակեցությանը‚ անվտանգ շահագործմանը‚ ինչը հնարավորություն է տալիս ցանկացած եղանակի ապահովել ճանապարհի անցանելիությունն ու անխափան երթևեկությունը։

Կարդալ ավելին