Վահրամաբերդ-Հովունի 6 կմ ճանապարհի հիմնանորոգումը կավարտվի ժամկետից շուտ

06-08-2018 13:15

Շիրակի մարզի Վահրամաբերդ և Հովունի համայնքներ տանող մարզային նշանակության 6 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին։ Ճանապարհը վերանորոգվում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ Նշված ավտոճանապարհը չէր վերանորոգվել ավելի քան 30 տարի։

Շինարարությունն իրականացնող «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության ղեկավար Արամ Ադամյանը նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի աշխատանքներն ավարտեն պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ՝ մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը, և աշակերտներն ու ուսուցիչները դպրոց գնան բարեկարգ ճանապարհով։ Տեղեկացնենք, որ այս գյուղական համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների՝ մարտին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքները պայմանագրով նախատեսված է ավարտել 2018թ. դեկտեմբերին։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ղեկավար Լյուդմիլա Աղաբեկյանը և ճանապարհի նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՊՈԱԿ-ի առաջատար ինժեներ Ռուբեն Ավագյանն այցելել էին Հովունի և Վահրամաբերդ համայնքներ՝ ծանոթանալու ընթացող աշխատանքներին։

Պայմանագրի շրջանակներում շինարարը կատարել է ջրահեռացման համակարգի վերականգնման, բազալտե եզրաքարերի տեղադրման, ավազակոպճային ենթահիմքի տեղադրման աշխատանքներ։ Վահրամաբերդում տեղադրվել է 340 մ նոր կոյուղագիծ: Ճանապարհային պատվածքի վերականգնումից բացի, վերականգնվել և մաքրվել են ջրթող խողովակները, տեղադրվել են նոր վաքեր և մետաղական խողովակներ, կատարվել մայթերի, իջատեղերի, կողնակների, գյուղտեխնիկայի անցումների կառուցման աշխատանքներ։ Ասֆալտապատվել են Մ1-Հովունի 5 կմ հատվածը և դպրոց տանող մուտքերը։ Ընթացքի մեջ են ճանապարհային նշանների, արգելափակոցների տեղադրման աշխատանքները, կկատարվեն գծանշումներ։

Նշենք, որ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի նպատակն է գյուղական համայնքները կապել հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների հետ, կենսական նշանակության ճանապարհները վերականգնելու միջոցով շուկաները և ծառայությունները հասանելի դարձնել գյուղական բնակչության համար։

 

Վերջին նորությունները

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում 66 համայնքում իրականացվել է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը

18-09-2019

Մինչ այժմ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչն իրականացվել է Հայաստանի 66 համայնքում: Ակնկալվում է ծրագրի շրջանակներում «Անվտանգ գյուղ» բաղադրիչում ընդգրկված համայնքների թիվը հասցնել 87-ի։

Կարդալ ավելին

Կապալառուների ներկայացուցիչների հետ քննարկվեցին բնապահպանական հարցեր

18-09-2019

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանական խնդիրներին, ուստի բոլոր կապալառու կազմակերպությունների բնապահպան կամ բնապահպանական խնդիրներով զբաղվող մասնագետների հետ իրականացվում են սեմինարներ։

Կարդալ ավելին

Մեծ Պարնիի և Ծաղկաբերի բնակիչները շուտով կերթևեկեն բարեկարգ ճանապարհով

13-09-2019

Ճանապարհի վերականգնման աշխատանքների պատվիրատուի՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են շինարարական տեղամաս՝ դիտարկելու շինարարության ընթացքը:

Կարդալ ավելին