Մեր կառավարության օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի. Նիկոլ Փաշինյան

10-07-2018 21:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր: 
«Մենք պետք է հասկանանք, թե մինչև այժմ ի՞նչ է կատարվել նախագծի իրագործման համատեսքտում, ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ խնդիրներ ունենք և ինչպե՞ս ենք պատկերացնում ծրագրի շարունակությունը ֆինանսավորման և իրագործման առումով: Հյուսիս-հարավ ծրագիրը երրորդ հանրապետության պատմության երևի ամենամեծամասշտաբ նախագիծն է՝ առնվազն ֆինանսական և պետական պարտքի ծանրաբեռնվածության առումով: Ցավոք, նախագծի իրագործման առաջին օրից մենք ավելի շատ լսում ենք խնդիրների, քան դրանց լուծումների մասին և մեր խնդիրն է հասկանալ այս իրավիճակի պատճառները, ինչպես նաև գտնել լուծումներ: Այս թեմայով ես խոսակցություն եմ ունեցել նաև Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ և կարծում եմ, որ զուգահեռ եղած իրավիճակով պետք է հետաքրքրվեն նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Ես այս պահին, բնականաբար, որևէ կանխավարկած չունեմ, պարզապես մամուլում, տարբեր ամբիոններից, հարթակներից հնչած տեղեկատվությունը, այդ թվում՝ պաշտոնական մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվությունը որոշակի մտահոգություններ և անհանգստություններ է առաջացնում: Պետք է հասկանանք, թե ինչքանով են այդ մտահոգությունները փարատվում և ինչքանով չեն փարատվում, որքանով այդ մտահոգությունները կարող են ունենալ նաև քաղաքացիաիրավական և քրեաիրավական հետևանքներ»,- ասել է վարչապետը: 
Այնուհետև ծրագրի պատասխանատուները կառավարության ղեկավարին զեկուցել են արդեն իսկ շահագործման հանձնված հատվածներում առաջացած խնդիրների, թերությունների բացահայտման, վնասի վերականգնման, կապալառու կազմակերպությունների գործունեության, ներկայումս ընթացող շինաշխատանքների ընթացքի մասին: Անդրադարձ է կատարվել ծրագրի հետագա շարունակության ու տարբեր հատվածներում շինարարական աշխատանքների իրականացման հնարավորություններին: 
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և կարևորել ճանապարհաշինական ծրագրի հետագա իրականացման ուղղությամբ կառուցապատման որակի հարցում խնդիրների բացառումը, այդ ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը: 
«Մեր կառավարության օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի, այսինքն պետք է երաշխավորվի ճանապարհի կառուցման որակը»,- ընդգծել է վարչապետը՝ պահանջելով սեղմ ժամկետներում զեկուցել տրված հանձնարարականների իրականացման ընթացքը:

Վերջին նորությունները

Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

20-03-2019

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 20-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով ժամը 11:00-18:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Կարդալ ավելին

Թալին-Գյումրի ճանապարհահատվածում շարունակվում են անցանելիության որակի բարձրացման աշխատանքները

15-03-2019

Աշխատանքները կատարվում են ամենօրյա ռեժիմով և կշարունակվեն մինչև ձմեռային շրջանի ավարտը, որից հետո արդեն միջոցներ կձեռնարկվեն խնդրին առավել հիմնավոր լուծում տալու ուղղությամբ։

Կարդալ ավելին

Քննարկվեցին բնապահպանական թեմաներ

15-03-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները Դունկան Լանգի և Արմինե Եդիգարյանի հետ նախապես այցելել էին Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի և Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող հատվածներ, իրականացրել դիտարկում։

Կարդալ ավելին