Լրագրողներն այցելել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհ. բարձրացվում է ծրագրի հաշվետվողականությունը քաղաքացիների առջև

18-07-2018 19:45

Հուլիսի 18-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպել էին այցելություն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2՝ Աշտարակ-Թալին և Տրանշ 3՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ: Ներկա էին շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների՝ «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա», «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունների, Ճանապարհի որակի հսկողությունն իրականացնող «Սաֆեժ» կազմակերպության և Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում իտալական համատեղ ձեռնարկության ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ հանդիպման նպատակը մեկն է` նոր էջ բացել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի իրականացման դաշտում: Նախարարությունը մտադրված է Հյուսիս-հարավ ծրագիրը դարձնել թափանցիկ և բարձրացնել հաշվետվողականությունը քաղաքացիների առջև: Պարոն Հակոբյանը շեշտեց, որ նման ձևաչափով հանդիպումները կրելու են պարբերական բնույթ։
Նախարարն իր խոսքում անդրադարձավ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման հետ կապված ամենաարդիական հարցին՝ գումարների ծախսմանը։ Այս համատեքստում պարոն Հակոբյանն ընդգծեց, որ չի ցանկանում խոսել այն մասին, թե մինչ այսօր կատարված աշխատանքների շրջանում հափշտակություններ եղել են, թե ոչ։ «Դա իմ լիազորությունների սահմանից դուրս է, դրանով զբաղվում են իրավապահ մարմինները, և կարծում եմ՝ եթե եղել են իրավախախտումներ, կբացահայտվեն։ Ես միայն կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ ամենաբարձր օժանդակությունը կցուցաբերեմ իրավախախտումները վեր հանելու, դրանց պարզելուն օժանդակություն ցույց տալու հարցում։ Կանեմ ամեն ինչ, որպեսզի այսուհետև նման իրավախախտումները բացառվեն»,- ասաց Աշոտ Հակոբյանը։

Նախարարն անդրադարձավ նաև Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման վերջնաժամկետի հետ կապված հարցին։ Նա նշեց, որ «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցք» ծրագիրը բաղկացած է 5 մասնաբաժիններից՝ տրանշներից, և միայն 3 տրանշներով է, որ առկա է ֆինանսավորում։ Ֆինանսավորվում են միայն 1-ին, 2-րդ և 3-րդ տրանշները և մի փոքր հատված՝ 4-րդ տրանշից։ 4-րդ տրանշի գերակշիռ մասը և 5-րդ տրանշը դեռևս ֆինանսավորում չունեն։ «Առկա բյուջետային սահմանափակումներից և ֆինանսական հնարավորություններից ելնելով՝ ճանապարհի մնացած հատվածի ֆինանսավորման հարցը դեռևս լուծված չէ։ Հետևաբար եթե որևէ մեկը ճանապարհի ավարտի ժամկետի վերաբերյալ կոնկրետ հայտարարություն կանի, դա կլինի անլուրջ։ Մենք այդ մասին կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ մայրուղու ամբողջ ֆինանսավորման խնդիրը կհամարենք լուծված, և կլինեն նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը»,- ասաց Աշոտ Հակոբյանը։

Անդրադառնալով Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության համար ծախսված ֆինանսական միջոցներին՝ նախարարը տեղեկացրեց, որ Հյուսիս-հարավի կառուցումը ֆինանսավորելու համար Հայաստանի կառավարությունն արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերել Ասիական զարգացման բանկի, Եվրոպական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ 540 միլիոն դոլարի վարկ վերցնելու շուրջ: Այդ գումարից ձևակերպվել է 222 միլիոնը, որից էլ կառուցող կազմակերպություններին արդեն իսկ վճարվել է 56,5 միլիոն դոլար:

Հանրությանը հուզող կարևորագույն խնդիրներից մեկը նաև ճանապարհի շինարարության որակի խնդիրն է, որին նախարարը նույնպես անդրադարձավ։ Աշոտ Հակոբյանը նկատեց, որ Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածներում արձանագրվել են թերություններ: Արձանագրված թերությունների համար շինարարը հատուցել է հասցված վնասները: Սակայն դեռևս կան թերություններ, որոնք պետք է վերացվեն շինարարի կողմից: Չնայած նրան, որ ճանապարհը 2016թ. հանձնվել է շահագործման, սակայն, ճանապարհը դեռևս վերջնական չի ընդունվել և ճանապարհի ավարտական վկայականը դեռևս չի թողարկվել: Ճանապարհը գտնվում է որակի երաշխիքային ժամկետում:

Միջոցառման ընթացքում նախարարը և ներկա մասնագետները պատասխանեցին լրագրողների հարցերին։

 

Վերջին նորությունները

Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից

06-12-2019

Այդ ճանապարհները վերականգնվել էին 2018թ. ընթացքում և մեկ տարի շարունակ‚ ըստ պայմանագրի‚ գտնվում էին թերությունների համար պատասխանատվության ժամկետում։

Կարդալ ավելին

Կառավարությունը հավանություն է տվել «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը

05-12-2019

Ծրագրի նպատակն է ընտրված կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով գյուղական համայնքների համար բարելավել շուկաներին և ծառայություններին հասանելիությունը և հզորացնել տրանսպորտի ճյուղային նախարարության կարողությունները՝ կենսական նշանակության ճանապարհային ցանցը կառավարելու համար:

Կարդալ ավելին

Հանդիպում Tunnel Sadd Ariana ընկերության ներկայացուցչի հետ

04-12-2019

Վերջնականացվել և պատվիրատուներին է հանձնվել Բագրատաշենի նոր կամրջի մանրամասն նախագիծը, որը հաստատվելուց հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։

Կարդալ ավելին