Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր

Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև՝ դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:

 

Ծրագրի իրականացման համար պայմանագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ), Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) և Եվրասիական զարգացման բանկերի (ԵԱԶԲ) հետ: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում մոտ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Ծրագիրը բաժանված է 5 տրանշերի: Շարունակում են իրականացվել նաև բանակցային գործընթացներ միջանցքի հյուսիսային և հարավային հատվածների կառուցման նպատակով այլ դոնորների ներգրավման ուղղությամբ:

 

Ծրագրի իրականացման արդյունքում, մասնավորապես, ակնկալվում է ունենալ`

 

  • Միջազգային չափանիշներին բավարարող բարելավված ճանապարհային միջանցք,
  • Երևան-Գյումրի և Երևան-Արարատ հատվածներում քառուղի առաջին կարգի ճանապարհ,
  • Միջանցքի մյուս հատվածներում միջազգային չափանիշներին բավարարող բարելավումներ` հետագայում 4 ուղու ընդլայնման հնարավորությամբ,
  • Ճանապարհային միջանցքի արդյունավետ և անվտանգ երթևեկության կազմակերպում:

 

Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը.

 

- Ապահովում է Հայաստանի, Վրաստանի տարածքներով ելք դեպի Սև ծով և այնուհետև դեպի եվրոպական երկրներ,

- Հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս (Մեղրի-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա)՝ միջանցքը միանում է վրացական ճանապարհին հարավային կողմից, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի նավահանգիստները,

- Ծրագրի իրականացման արդյունքում բարելավվում է Եվրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային հաղորդակցությունը՝ Արևմտյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի հատման վայրում:

 

Ծրագրի նպատակներն են` հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը և դյուրինացումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումը և արտահանման ընդլայնումը (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, շինարարություն, զբոսաշրջություն), բնակչության ներքին շարժերի ակտիվացումը և այլն:

 

Ծրագրի հիմնական խնդիրներն են` բարձրացնել անվտանգությունը և հարմարավետությունը, կրճատել ժամանակային և ֆինանսական ծախսումները, ինտեգրել հնարավոր անհրաժեշտ հեռահաղորդակցության և այլ ենթակառույցները:

 

Ծրագրի իրականացումը դիտվում է ՀՀ կառավարության «Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցման», «Տաթև զբոսաշրջային կենտրոն», «Ջերմուկ քաղաքի զարգացման» և «Զվարթնոցի ազատ տնտեսական գոտու» ծրագրերի համատեքստում: Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի իրականացումն էապես կնպաստի նշված ծրագրերի արդյունավետությանը և նպատակների ձեռքբերմանը:

 

Ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով: Այն բաժանված է առանձին տրանշերի, որոնց շրջանակում կնքվում են վարկային առանձին պայմանագրեր:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր

Ավարտված
Կառուցվող
Պլանավորված